ԱՄՆ Կոնգրեսում հաստատվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը
05.03.10
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի 46 անդամների 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունվեց Հայոց
ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։ Մեկ կոնգրեսական այդպես էլ
չներկայացավ քվեարկությանը։
Քննարկման ժամանակ հանձնաժողովի
անդամները հանդես եկան ամփոփիչ ելույթներով։ Բանաձևի ընդդիմախոսներն իրենց
դիրքորոշումը հիմնականում բացատրում էին թուրք–ամերիկյան ռազմատնտեսական
շահերով։ Բանաձևի աջակիցներն ընդգծում էին բանաձևի ընդունման
կարևորությունը հետագա Ցեղասպանությունները կանխելու և պատմական
արդարությունը վերականգնելու նպատակով։
Եզրափակիչ ելույթով
հանդես եկավ դեմոկրատ Դայան Վաթսոնը, որը հայտարարեց, որ պահն է եկել, երբ
ԱՄՆ–ը պետք է պարզ ճակատով ընդունի ճշմարտությունը։ Նա ասաց, որ միշտ էլ
կողմ է եղել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Հանրապետական
Գուս Բիլիրակիսն ասաց, որ Ցեղասպանությունը չճանաչելը վտանգավոր նախադեպ է
ստեղծում այլ ցեղասպանությունների համար։ «Հանուն Ցեղասպանությունների
կանխարգելման և հանուն բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի եկեք
այսօր ընդունենք այս բանաձևը»,– ասաց նա՝ նշելով, որ Հայոց
ցեղասպանությունը չպետք է անտեսվի հանուն դաշնակից Թուրքիայի
պաշտպանության։
Դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան պատմեց, որ
ինքը մեծացել է Վիլյամ Սարոյանի քաղաքում՝ Ֆրեզնոյում, և մանկուց բազմաթիվ
պատմություններ է լսել հայերի Ցեղասպանության մասին։ Նրա խոսքով՝ Հայոց
ցեղասպանությունը նախադեպ է ստեղծել մյուս Ցեղասպանությունների համար։ Ըստ
նրա, Թուրքիան պետք է իր անցյալի հետ հաշտվելու ձև գտնի։ Կոնգրեսականը
հիշեցրել է, որ ամերիկացիներն էլ ամոթալի էջեր ունեն իրենց անցյալում,
օրինակ՝ ստրկատիրությունը, սակայն ընդունել ու հաշտվել են իրենց անցյալի
հետ։ Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը 20–րդ դարի առաջին
Ցեղասպանությունն էր, նա կոչ է արել բոլորին քվեարկել բանաձևի օգտին։ «Ես
այսօրվա իմ քվեն նվիրում են բոլոր այն ընտանիքներին, որոնք տառապել են
Ցեղասպանության հետևանքով»,– ասաց նա։
Դեմոկրատ Լինն Վուլսին
հիշեցրեց, որ ԱՄՆ 42 նահանգները, ՆԱՏՕ–ի 11 դաշնակիցները և
Եվրախորհրդարանն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ չճանաչել
Ցեղասպանությունը, կնշանակի չհարգել նահատակների հիշատակը։ Նա կոչ արեց
կողմ քվեարկել բանաձրին։ Վուլսի խոսքով՝ ինքը 18 տարի Կոնգրեսում է, և
ավելի հարմար պահ այս բանաձևի ընդունման համար չի հիշում։ Նա նաև
հիշեցրեց, որ սենատոր եղած ժամանակ, և Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը, և
նույնիսկ Կրտսեր Ջորջ Բուշը կողմ են արտահայտվել բանաձևի ընդունմանը։
Դեմոկրատ Բիլ Դելահանթը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու բանաձևին
նախագծին, քանի որ նախորդ օրը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի հետ, որն իրեն
ասել է՝ բանաձևի ընդունումը կխոչընդոտի հայ–թուրքական Արձանագրությունների
վավերացմանը Թուրքիայի խորհրդարանում։
Հանրապետական Ջեֆ
Ֆորտենբերին զգուշացրեց, որ բանաձևի ընդունման ժամանակը ճիշտ չէ ընտրված,
և որ այն կարող է վնասել թուրք–հայկական հաշտեցման գործընթացին։
Հանձնաժողովի նախագահ Բերմանը հակադարձեց՝ նշելով, որ 20 տարուց ավելի
ինքը եղել է այդ հանձնաժողովում, և չի հիշում պահ, որը նպատակահարմար
կլիներ այդ բանաձևի ընդունման համար։
Ավելի վաղ կոնգրեսական
Մայք Փենսը հայտարարել էր, որ ընդունելով հանդերձ Ցեղասպանության
իրողությունը, դեմ է քվեարկելու բանաձևին՝ հաշվի առնելով ԱՄՆ–ի շահերը։
Դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը դեմ արտահայտվեց բանաձևին՝ նշելով,
որ դա կարող է վնասել ինչպես հայ–թուրքական, այնպես էլ թուրք–ամերիկյան
հարաբերություններին։ Մասնավորապես, նա կոնգրեսականներին հիշեցրեց
Աֆղանստանում ամերիկյան առաքելության իրականացման համար Թուրքիայի դերի
կարևորության մասին։
Նիստը բացեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը:
«Թուրքիան մեր դաշնակիցն է, սակայն կարևոր է, որ նա ճանաչի
Ցեղասպանությունը և խոսի դրա մասին: Արդեն ժամանակն է, որ ճանաչվի Հայոց
ցեղասպանությունը: Բնականաբար, դա թուրքերի համար լինելու է
հիասթափություն: Սակայն ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում մեր
հարաբերությունները կշտկվեն և ավելի առողջ ձևով կշարունակվեն»,-
հայտարարեց նա։
(Tert.am)
Կատալոնիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 05.03.10
Բարսելոնում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ
Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի և Կատալոնիայի
խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի
գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին
Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել
Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ
մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ մամուլի վարչությունից։
Մասնավորապես, որոշման փաստաթղթում, ասվում է, որ 1948 թ. դեկտեմբերի
10-ին ընդունված ցեղասպանության հանցանքի կանխման և դատապարտման մասին
ՄԱԿ–ի Կոնվենցիայի համաձայն՝ 1915 - 1921թթ. հայ ժողովրդի դեմ իրականացված
գործողությունները համարվում են իսկական Ցեղասպանություն:
Կատալոնիայի խորհրդարանը նաև կառավարությանը կոչ է անում աջակցել
Հայաստանի և Թուրքիայի ջանքերին, ինչպես նաև արևմտյան երկրների
դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել Ցյուրիխում հոկտեմբերի
10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը։
(Tert.am)
Թուրքիան դեսպանին Վաշինգտոնից հետ է կանչել 05.03.10
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի
ընդունմանն ի պատասխան` պաշտոնական Անկարան հետ է կանչել Վաշինգտոնում իր
դեսպանին:
CNNTurk-ի փոխանցմամբ` Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի որոշումը կոշտ քննադատության է ենթարկել ինչպես Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս բանաձևի ընդունումը պատճառ է դառնալու հնարավոր բացասական
հետևանքների, որոնց պատասխանատուն Թուրքիան չի լինելու»,- հայտարարել է
Աբդուլլահ Գյուլը:
«Մենք քննադատում ենք այս բանաձևը, որը
թուրք ազգին մեղադրում է այնպիսի հանցանքի մեջ, որը նա չի իրականացրել»,-
ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությունում։
(Tert.am)
Եվրոպայի հայերը շնորհակալություն են հայտնում ամերիկացի կոնգրեսականներին
|
|
|
05/ 03/ 2010
|
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի
հայկական միությունների ֆորումը ուղերձ է հղել ԱՄՆ ներկայացուցիչների
Պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին, որում
շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձևն
ընդունելու համար:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը
մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի
ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:
Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ
փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի
ամբողջական կազմի քննարկմանը:
Ուղերձում վստահություն են հայտնում,
որ այդ քայլն ապացուցում է, որ Միացյալ նահանգներնի ատաջատար դեր ունի
ժողովրդավարության, արդարության և ճշմարտության տարածման գործում:
Ուղերձի հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ն այդ առումով օրինակ է հանդիսանում ողջ աշխարհի համար:
Ուղերձում նշվում է նաև, որ տվյալ խնդրին տրված ճիշտ գնահատականն ուղղված է մարդկության դեմ նման հանցագործությունների բացառմանը: (ar.newsarmenia.ru)