ԼՂՀ ներկայացուցիչները կոչ են անում Սփյուռքին
նախաձեռնել Ղարաբաղի ճանաչումը
27.04.2010
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային
խորհուրդը կոչ է արել սփյուռքի հայկական կազմակերպություններին նախաձեռնել
ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը։
«Մեր ժողովրդի համար Հայոց
ցեղասպանության ճանաչման պես կարևոր խնդրի լուծմանը զուգահեռ հայկական
սփյուռքն իր գործունեության հավասար առաջնահերթ ուղղություն պետք է դիտարկի
նաև Արցախի Հանրապետության ճանաչումը»,- ասվում է երեք ավանդական
կուսակցությունների (Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական) և
սփյուռքի լոբբիստական կառույցներին Խորհրդի ուղղած հայտարարությունում։
Հայտարարության
մեջ ընդգծվում է, որ վերջին ժամանակներում Կոսովոյի, Աբխազիայի և
Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումն այն վկայությունն է, որ
ճանաչումը հակամարտության գոտիներում անվտանգության և կայունության
ապահովման իրական հնարավորություն է, որը մեծ ջանքեր և ծախսեր է պահանջում։
«ԼՂՀ ճանաչումը նույնիսկ տարածաշրջանային և շրջանային մարմինների
կողմից կոգեշնչի և կամրապնդի արցախցիներին, բարոյական և ինստիտուցիոնալ
լուրջ խթան կդառնա»,- նշվում է փաստաթղթում։
Ղարաբաղյան
հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով
բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու
մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց,
որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին
անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ
ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին
վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների
նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ
համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական
գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30
հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի
ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992
թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ
բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի
համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
(newsarmenia.ru)
http://ar.newsarmenia.ru/karabah/20100427/42239340.htmlՀՀ խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային
խորհրդի՝ հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու
նախաձեռնությունը
Հայաստանի խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային խորհրդի՝
հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությունը։
Ինչպես news.am-ի թղթակցի հետ զրույցում
հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն
Մարտիրոսյանը, այս գործընթացը նույնիսկ ուշացած է։ «Կարծում եմ՝ Լեռնային
Ղարաբաղում այս գործընթացն ավելի վաղ պետք է նախաձեռնեին, սակայն մինչ
արտասահմանյան խորհրդարաններին դիմելը` Ստեփանակերտն այս հարցը պետք է
լուծի Հայաստանի հետ։ Քանի դեռ Հայստանը չի ընդունել ԼՂՀ անկախությունը, ոչ
մի երկրի խորհրդարան չի անի դա»,- նկատել է Մարտիրոսյանը։
Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին եւս
ճիշտ է համարել ԼՂՀ հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ եկել
է ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ինքը կարողանա միջազգային
հանրության դեմ հարցեր բարձրացնել։
«Դաշնակցություն» կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա
Շահբազյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր նախաձեռնություններում պետք է
օգնի Ղարաբաղին, եւ եթե Ստեփանակերտը նպատակահարմար է գտել հանդես գալ նման
նախաձեռնությամբ, ապա Երեւանն ամեն կերպ պետք է նպաստի դրան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ
Սաֆարյանը հայտարարել է, որ նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ընդունելի
է։ Սակայն նա քիչ հավանական է համարել այն, որ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի
կողմից ազդանշան ստանալը՝ որեւէ երկրի խորհրդարան կընդունի ԼՂ
անկախությունը. «Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարծում, որ ղարաբաղյան
հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային ինքնիշխանության հիման
վրա, նման բան չի լինի»,- ընդգծել է Սաֆարյանը։
(news.am)
http://news.am/am/news/20039.html
Հո տուն-տունիկ չե՞նք խաղում. Էդվարդ Նալբանդյան
27.04.10
Հայաստանը երբևէ չի մասնակցի պրոցեսին
պրոցեսի համար, բանակցություններին բանակցությունների համար: Այս մասին
հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային
հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդմանը՝ հավելելով. «Մենք
սկսեցինք այս գործընթացը, բանակցություններ վարեցինք, նախաստորագրեցինք,
ապա ստորագրեցինք և հիմա Արձանագրությունները սպասում են վավերացման: Երբ
կլինի՝ մեծ հարց է, իհարկե, բայց նոր բանակցություններ վերսկսելու
անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:
Նա հիշեցրել է, որ 2009թ.
մայիսին թուրքական կողմը, նախաստորագրումից հետո բավարարված չզգալով
Արձանագրությունների բովանդակությամբ, փորձել է նոր բանակցություններ
սկսել, և այդպիսի մի քանի առաջարկ է եղել նախարարին. «Այդ ինչ է նշանակում:
Բանակցել ենք, նորից բանակցենք, ստորագրում ենք, չենք ստորագրում,
վավերացնում ենք, չենք վավերացնում: Այսինքն. հո տուն-տունիկ չե՞նք
խաղում»:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նման գործելաոճը դեռ
պահպանվում է, դեռ ավելին. «նաև կա այն, որ առավոտյան ասում են՝ կարող ենք
վավերացնել երեք օրում, երեկոյան ասում են՝ չենք կարող վավերացնել: Մյուս
առավոտ ասում են՝ մենք հարգում ենք pacta sunt servanda սկզբունքը: Ինչպե՞ս
հասկանանք: Միջնորդ չենք Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց մենք ուզում
ենք բանակցել ձեր միջև, որպեսզի հարցեր լուծենք: Ասում են՝ նախապայմաններ
չկան, բայց արեք այս, այն, հետո մենք կգնանք վավերացման»:
Ըստ
ՀՀ արտգործնախարարի՝ «տարբեր լեզուներով ենք խոսում, և ոչ միայն մենք
թուրքերի հետ, նրանց լեզուն դժվար թե որևէ մեկը հասկանա: Միջազգային
հանրության հետ էլ տարբեր լեզուներով են խոսում»:
(Tert.am)
http://tert.am/am/news/2010/04/27/nalbandyaninterviewpart5/