Հայտարարություններով,
հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսևորումներով հնարավոր չէ լուծել
անհանդուրժողականության և խտրականության խնդիրները: Այս մասին հայտարարել է
Սերժ Սարգսյանը՝ մայիսի 26-ին ելույթ ունենալով հայտնի բարերարներ Ժան և
Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած
Արևելքի և Արեւմուտքի մշակույթների և երկխոսության «Վիլա Էմպեն»
կենտրոնում:
«Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի`
Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում
իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս,
ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն
և հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության
գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից
միջոցներն օգտագործելով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա՝ ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման
ձև չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ
ատելություն և դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով. ով էլ լինի այդ
խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց
բռնության և հանցագործության զոհ դառնալու հավանականությունը:
«Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության
քարոզչության թիրախ: Երբ մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն
մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր
են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև
չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ
ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն
բռնությանը պատրաստ անդորրը:
Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության և
պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը:
Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես
օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և
կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է
գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի
հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:
Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական
քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական
դրսևորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն
մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է: Մարդատյացությունը տանուլ
տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել,
որտեղ մանուկներն աչքերը երկնքին են հառում ոչ թե արևին ողջունելու և
երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի
գահավիժելու»,- ասել է Հայաստանի նախագահը:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ բարոն Ամպենի վսեմ նպատակի իրականացմանը խանգարեց
Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմի իսկական վերջն ազդարարվեց
Նյուրնբերգի դատավարությամբ, ուր մարդասիրությունը հաղթեց
մարդատյացությանը:
«Այսօր, «Վիլա Ամպեն»-ում Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրականություն է
դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետև մենք` հայերս, չենք վախեցնում
ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետև մեր նպատակը մշակույթների
երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է:
Եվ հե՛նց այդ պատճառով չեմ թաքցնում ուրախությունս «Վիլա Ամպենում»
Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն
ստեղծելու առիթով, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս»,-
ասել է Սերժ Սարգսյանը: