Воскресенье, 22.09.2024, 02:19
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    21.07.2011, 12:12

    «Սիլվա Կապուտիկյան» Հիմնադրամի տնօրեն` Արմենուհի Դեմիրճյանի այցը Գերմանիա

      

    Արդեն հինգ տարի է` Սիլվա Կապուտիկյանը մեզ հետ չէ, բայց հայրենիքում թե սփյուռքում հայությունը շարունակում է համախմբվել նրա գործի շուրջ, կազմակերպել իմաստալից, գեղեցիկ հանդիպումներ: Օրերս Քյոլնի <<Սիլվա Կապուտիկյան>> գերմանահայ կանանց միությունը հյուրընկալել էր բանաստեղծուհու անունը կրող գրական հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանին, ով հանդես եկավ <<Կապուտիկյանը, սփյուռքը և արցախյան շարժումը>> թեմայով բանախոսությամբ, ցուցադրեց հետաքրքիր տեսանյութեր:
    Հուզիչ երեկոյից հետո դր. Համազ Ղազարյանը զրուցեց նրա հետ:

    -Տիկին Դեմիրճյան, խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք` որն է սույն այցի նպատակը:
    -Ես Գերմանիա եմ ժամանել մի ծրագրով, որ կարելի է անվանել <<Կապուտիկյանի հետքերով>>: Նախագծիս թեև հիմնականում հայկական շրջանակների հետ էր նախատեսվում, հովանավորվեց Հայաստանի հետ գիտակրթական ծրագրեր իրականացնող գերմանական DAAD կազմակերպության կողմից, իսկ համագործակցությունը կազմակերպեց Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Իրմելա Շնայդերը: Այցիս բուն նպատակը հայրենիք-սփյուռք կապերը ըստ Կապուտիկյանի վերարծարծելը ու նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը արժանվույնս ներկայացնելն է, թանգարանի զարգացման համար հեռանկարներ որոնելը:

    -Կարելի՞ Է ենթադրել, որ Ձեր աշխատանքի հիմքում Դուք դնում եք Սիլվա Կապուտիկյանի ուղեգրությունները:
    -Այո, ճիշտ եք գուշակում: Ընդհանրապես, հայրենիք-սփյուռք կապը և սփյուռքի վերազարթոնքը դժվար է պատկերացնել առանց Կապուտիկյանի ուղեգրությունների: Նա քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող մեր այն գրող-գործիչներից էր, որ կռահեց ապագան ճիշտ շարունակելու, հայոց մասնատված հատվածները միմյանց կապելու անհրաժեշտությունը և կամավոր դարձավ դեպի սփյուռքի գաղութներ թևածող այն ծիծեռնակը, որ շյուղ առ շյուղ հավաքեց, Հայաստան բերեց սփյուռքահայ կյանքի պատմությունը, կամուրջ կապեց հայության երկու հատվածների միջև: Ժամանակն է գնահատել բանաստեղծուհու մեծ վաստակը և շարունակել նրա սկսած գործը, որովհետև սփյուռքը անընդհատ փոփոխվող ու շարժուն մարմին է, իսկ թանգարանը հայոց սրբատեղիների շարքում մի նորաբաց օղակ է, որ կարող է դառնալ հայոց մեծ երազանքն իրականացնող` հայությանը համախմբող պտուտակներից մեկը:

    -Բազմաթիվ մարդիկ պիտի ուզենային իմանալ, թե ինչպիսի՞ն է տուն-թանգարանը:
    -2008 թ. բացված այս թանգարանը հիմնադրվեց հենց այն տանը, որտեղ կյանքի վերջին երեսուն տարիներն ապրեց ու արարեց բանաստեղծուհին: Ժամանակին պատշգամբ դուրս գալիս նա սիրում էր կատակով ասել. <<Տեսնո±ւմ եք ինչ հոգատարությամբ եմ շրջապատված. դիմացից Ազգային ժոողովն է, ձախից`Գիտությունների ակադեմիան, իսկ աջից`Նախագահի նստավայրը>>: Այսպիսի միջավայրում` երևանյան նոր ժամանակների հևքն իր մեջ կրող այս օազիսում, մարդ ակամայից սուրբ երկյուղածությամբ է համակվում, որովհետև հայությամբ ապրել-շնչելու մի անիմանալի դող, վարակիչ մի հոսանք է անցնում յուրաքանչյուրի մարմնով: Արդյոք դա նկարներից ճառագող նրա մայրական աչքերի հոգատար արտահայտությունի±ց է, պատերին թողած նրա ձեռքերի հետքերի±ց, տանը թևածող նրա հոգո±ւց… Անշուշտ, բոլորը միասին, որովհետև սա պարզապես կոչվում է Կապուտիկյանի հարկ: Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը` բանաստեղծուհու զարմուհին, առանց հուզմունքի չի կարողանում հիշել, թե երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ ի~նչ հոգատարությամբ էր նա դասավորում սփյուռքի տարբեր գաղութներից, Ղարաբաղից, ընդհանրապես աշխարհի տարբեր անկյուններից ստացած հուշանվերները, մտորում գալիքի մասին, որն ինքը, ավաղ, այլևս չէր տեսնելու: Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ տուն-թանգարանը կատարում է այն նույն աշխատանքը, որ կյանքի օրոք անհատնում սիրով իրագործում էր բանաստեղծուհին:
    -Ո՞րն է հիմնադրամի դերը: Պետք է ենթադրել, որ դուք խիստ համագործակցված եք աշխատում:
    -Միանգամայն ճիշտ է: Մենք գործում ենք միևնույն հարկի տակ, և նպատակները մեծ մասամբ նույնն են: Թանգարանային ցուցադրությունը կազմակերպելուց զատ խնդիր ենք դրել վերահրատարակել բանաստեղծուհու գրական ժառանգությունը, տպագրել հուշեր և գիտական ժողովածուներ: Արդեն իսկ հրատարակել ենք հուշերի առաջին գիրքը, գիտական մեկ ժողովածու և մի քառահատորյակ, որում ամփոփել ենք Կապուտիկյանի լավագույն բանաստեղծությունները: Թողարկել ենք նաև նրա խոսքերով գրված լավագույն երգերի երկու ձայնասկավառակ: Այժմ նպատակ ունենք գեղեցիկ նկրազարդումներով հրատարակել մանկական բանաստեղծությունները, ապա նաև` տարբեր լեզուներով մի առանձին ընտրանի, որը խիստ ցանկալի է`բանաստեղծուհու վաստակը միջազգային հանրությանը պարզելու տեսակետից: Օրվա թելադրանքով`մենք պիտի շտապենք հայոց բարձր բանաստեղծությունը ներկայացնել համայն մոլորակի բնակչությանը, որի իրականացման մեջ, կարծում ենք, մեծ պիտի լինի նաև սփյուռքի աջակցությունը:

    -Ի՞նչ կասեք գերմանահայ համայնքից ստացած Ձեր տպավորությունների մասին:
    -Ուղևորությանս ընթացքում ես հասցրի ծանոթանալ Քյոլնի, Մայնի Ֆրանկֆուրտի և Բեռլինի հայությանը, եղա նաև Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Ուրախացնողն այն է, որ վերջին հարյուր տարվա գիտական և մշակութային ձեռքբերումները դարձյալ ընթացքի մեջ են, և կան ուժեր, որոնք կայուն զարգացում են ուզում ապահովել վաղվա համար: Կարևորագույններից են Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը /Ազատ Օրդուխանյանի ղեկավարությամբ/, Բոխումի Ռուր համալսարանում գործող սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտը /Միհրան Դաբաղի տնօրինությամբ /, Հալեի համալսարանում բացված <<Մեսրոպ>> հայագիտական կենտրոնը /Արմենուհի Դրոստ-Աբգարյանի գլխավորությամբ/, Գերմանիայի հայ գործարարների միությունը /Մուրադ Աքյուզի տնօրինությամբ/, Պոտսդամում գործող Լեյփսիուսի գիտահետազոտական տուն-թանգարանը, Հայ ակադեմիականների միությունը, որն, ի դեպ, մեծ առաքելություն է ստանձնել Հայաստանում հիմնելու օտարալեզու գրքերի գրադարան, որում ցանկալի կլիներ տեսնել նաև Կապուտիկյանին վերաբերող բոլոր նյութերը:
    Առօրյա դժվարություններից, թերևս, ամենաբարդը Թուրքիայից եկած թրքախոս սերնդի լեզվական խնդիրն է, որի հաղթահարման հոգսը ստանձնել է ինչպես եկեղեցին`արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ, այնպես էլ այլ միություններ: Մշակութային լուրջ աշխատանք է տանում նաև <<Սիլվա Կապուտիկյան>> գերմանահայ կանանց միությունը /Այլին Խաչատրյանի ատենապետությամբ/, որտեղ հիմնականում ընդգրկված են պարսկահայ ու հայաստանյան ուժեր և ամեն ինչ անում են, որ ասմունքի, երգ-երաժշտության, թատերական ներկայացումների միջոցով գործուն պահեն հայկական միջավայրը:

    -Ի՞նչ կուզենայիք մաղթել մնացողներին:
    -Մեկ բառով`լավատեսություն, իսկ ավելի ընդարձակ` անխոնջ աշխատելու, շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ուժ ու եռանդ: Սա, իհարկե, միակողմանի հնարավոր չէ: Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք-համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով, մեզ ձեռք մեկնող երկրների ու կազմակերպությունների հետ առավել արդյունավետ համագործակցելով: Դրա լուծման բանալիները տվել է նաև հայոց սփյուռքի հետ հասակ առած, նրա խնդիրները լավ իմացող Կապուտիկյանը`ամենայն հայոց բանաստեղծուհին: Նրա գործերը միշտ էլ կխանդավառեն մեզ և կստիպեն ապրել բաց աչքով, գնալ դեպի հաղթանակներ:

    Հարցազրույզը վարեց
    Գերմանահայոց կեդրոնական խորհրդի փոխնախագահ
    ՀԱՄԱԶ ՂԱԶԱՐՅԱՆԸ

    Նյութը «Լրաբեր Էստոնիայից» թերթին ուղարկեց.՝ Ազատ Օրդուխանյանը
    "Azat Ordukhanyan - Zentralrat der Armenier in Deutschland" <ordukhanyan@zentralrat.org>
    ZAD-kopf




    21.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 292 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024