PanARMENIAN.Net
- Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ հերթական
գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքերը
ղարաբաղյան կարգավորման հարցում մոտ են: Այդ մասին Երևանում կայացած մամլո
ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների ելույթներին՝
նշելով, որ նրանք բոլորը հաստատեցին, որ երեք հիմնական սկզբունքներից ոչ
մեկն առաջնային չէ, ինչն իր հերթին բխում է Ադրբեջանի շահերից: Մինասյանը
նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ
շրջանակներում կհանգեցնի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Ընդ որում, նա չի բացառել, որ դիվանագիտական պարտություն կրելով
գագաթնաժողովում՝ Բաքուն կրկին կարող է դիմել դիվերսիոն հարձակումների
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ
նման դեպքերում Հայաստանը պետք է արժանի պատասխան տա ադրբեջանական կողմին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Մինասյանն
ասել է, որ Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի ու վավերացնի
արձանագրությունները կամ հայտարարի, որ մտադիր չէ դա անել: Նա նշել է, որ
մինչ Թուրքիայում կայանալիք քաղաքական ընտրությունները Անկարան հազիվ թե
ինչ-որ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: