Արդեն վաղուց եկել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու ժամանակը՝
հատկապես հաշվի առնելով, որ այս տարի լրանում է 1915 թվականին տեղի ունեցած
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է բարոնուհի
Քերոլայն Քոքսը՝ հանդես գալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լոդերի պալատում
քննարկումների ժամանակ: Նրա խոսքով, ներկայումս թուրքական իշխանությունները
ժխտում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներ են
տեղի ունեցել եւ դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն խեղաթյուրել պատմությունը:
Հայոց ցեղասպանության ժխտումը պատմական ճշմարտությունից հրաժարվել է
նշանակում: Իրական փաստերից հրաժարումը վկայում է այն մասին, որ
Ցեղասպանություն, իսկապես, եղել է: Այդ իրադարձությունները չեն մոռացվի
մարդկության կողմից, քանի որ սպանվել է մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում՝
կանայք ու երեխաներ: 1915-ի գարնանը հայերը տեղահանվել են, իսկ տղամարդկանց
առանձնացրել ու սպանել են: Ցեղասպանության ժխտումը բերում է
անպատժելիության: Ժխտման քաղաքականությունը հանգեցրել է մշակույթի ոլորտում
հայկական քաղաքակրթության ոչնչացման, այդ թվում՝ նաեւ ԼՂՀ-ում: Ակնհայտ է,
որ իրականացվել են էթնիկ զտումներ: Ամեն տարի հայերը իրենց հարգանքի
տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժխտման
քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը»,- ընդգծել է
բարոնուհի Քոքսը:
Քննարկումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը հիշեցրել է, որ Հայոց
ցեղասպանության հարցը շոշափվել է անգամ թուրք գրողների
ստեղծագործություններում: Նրա խոսքով, Հրանտ Դինքի սպանությունն ապացուցում
է, որ հայերը հետապնդվում են անգամ ժամանակակից Թուրքիայում: Թուրքիան
քաղաքական ճնշում է գործադրում մամուլի վրա, ԱՄՆ Կոնգրեսի
Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց
ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո: Թուրքիայի վարչապետ
Էրդողանը, այս ամիս պաշտոնական այց կատարելով Մեծ Բրիտանիա, դեմ է
արտահայտվել այդ բանաձեւին՝ սպառնալով իր երկրից վտարել 100 հազար հայերին:
Ես նրան 1915 թվականի դեպքերի առնչությամբ բաց երկխոսություն կոչ եմ
անում, առաջարկելով սկսել «Կապույտ գրքից» եւ փորձել հաղթահարել 100-ամյա
թշնամությունը:
Բացի այդ, ելույթ ունեցողները նշել են, որ 1915-ին թուրքական
կառավարությունը ծրագրել է հայերի զանգվածային սպանություններ եւ դա
հայ-թուրքական հարաբերությունների ավարտն է եղել: «Թուրքիան կարող էր
ներողություն խնդրել Հայաստանի կառավարությունից՝ այն գրողներին
հետապնդելու եւ աքսորելու համար, որոնք գրել են ճշմարտությունը Թուրքիայում
տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերի մասին»,- հայտարարել են նրանք:
Միաժամանակ, հնչել են նաեւ Ցեղասպանության ճանաչման դեմ կարծիքներ:
Մասնավորապես՝ ելույթ ունեցողներից մեկը հայտարարել է, որ «նպատակահարմար
չէ մանրամասն կանգ առնել 100-ամյա վաղեմության իրադարձությունների վրա: Շատ
ավելի լավ կլիներ լուծել ԼՂ խնդիրը, ոչ թե քննարկել, թե ինչ է եղել 100
տարի առաջ, Օսմանյան կայսրությունում: Ոչ մի արդարացում գոյություն չունի
երկու կողմերի համար էլ, բայց իմ կարծիքով, հայերի եւ ռուսների քայլերն են
հրահրել հակամարտություն, որը փաստացի հանգեցրել է բազմաթիվ մարդկանց
մահվան: Մեծ Բրիտանիան պետք է հիշի, որ Քեմալ Աթաթուրքը իր դաշնակիցն է
եղել եւ մենք շնորհակալ ենք նրան, որ Թուրքիան մասնակցել է Եվրոպայի
ազատագրմանը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ զգույշ
լինենք, որպեսզի չվանենք մեր թուրք դաշնակիցներին, հաշվի առնելով այն
փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը կողմ է քվեարկել այդ
բանաձեւին»:
Իր հերթին բարոնուհի Գլենիս Քինոկը նշել է, որ հայ բնակչությունը
ոչնչացվել է ամենադաժան եւ բարբարոսական միջոցով, որ դա եղել է մարդկության
եւ հայության դեմ գործած հանցագործություն: «Այդ իրադարձությունները չեն
կարող մոռացվել, բայց հայերը պետք է առաջ ընթանան: Հայերն ու թուրքերը պետք
է ապրեն հանուն ապագայի: Նրանք հաշտության վերաբերյալ դիվանագիտական
արձանագրություններ են ստորագրել, բայց այդ գործընթացը փակուղի է մտել՝
չնայած ԱՄՆ կողմից ճնշումներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է,
որ ՀՀ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, հենց որ դրանք
վավերացվեն Թուրքիայում: Եթե Թուրքիան չանի դա ողջամիտ ժամկետներում,
Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը: Իշխանությունները պետք է միասին
աշխատեն եւ վավերացնեն արձանագրությունները որքան հնարավոր է շուտ: Երկու
ժողովուրդների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում հաջողության
հասնելուց հետո, Էրդողանը սպառնում է վտարել 100 հազար հայերին, որոնք
անօրինականորեն ապրում են Թուրքիայում: Թուրքիայի ԵՄ անդամության հեռանկարը
կստիպի Թուրքիային փոխել իր դիրքորոշումը կառուցողական իմաստով եւ
ուսումնասիրել իր անցյալը»,- ընդգծել է նա եւ կոչ արել ազատ պատմական
քննարկում ծավալել:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Իրադարձությունները
Հայաստանում 1915-17 թվականներին» թեմայով քննարկումների նախաձեռնողը եղել է
բարոնուհի Քերոլայն Քոքսը: (news.am)
|